Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի ստորագրած հայտարարությունն ունի ռազմական և քաղաքական դրույթներ, հետևաբար իր բովանդակությամբ հավասարազոր է միջազգային պայմանագրի ու ենթակա պարտադիր վավերացման։
«Փաստինֆո»-ն դիմեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ հասկանալու ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պատրաստվում են այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ։ Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս փաստաթուղթն ինքնին կնքման փաստի ուժով միջազգային իրավունքի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև Վիեննայի կոնվենցիայի 51-րդ հոդվածի ուժով այն կնքվել է սպառնալիքի ներքո և հետևաբար իրավական ուժ չպետք է ունենա. «Ինչ վերաբերում է ներպետական իրավունքին, այստեղ էլ խնդիր ունենք։ Կան համապատասխան գործընթացներ, բայց խորհրդարանը չի դիմում ՍԴ։ Երբ միջազգային պայմանագրերը ստորագրվում են, ինքնաբերաբար գնում են ՍԴ, հետո գալիս խորհրդարան՝ վավերացման։ Պարզապես վարչապետը հայտարարել է, որ սա միջազգային պայմանագիր չէ և չի նախաձեռնել այդ գործընթացը։ Միակ բանը, որ մենք որպես խորհրդարան կարող էինք անել, արտահերթ նիստն էր, որը նախաձեռնեցինք, սակայն այն չկայացավ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ խորհրդարանը այդ հայտարարությունը ՍԴ տանելու որևէ գործիք չունի, իսկ եթե ֆորմալ առումով միջազգային պայմանագիր կնքվեր, ինքնաբերաբար կգնար ՍԴ. «Ինչ-որ մեկը միջազգային պայմանագիրը չի մտցնում ՍԴ։ Դա մեխանիկական գործընթաց է, որը պետք է տեղի ունենար։ Այսինքն պատգամավորները միջազգային պայմանագրի սահմանադրականության վիճարկման իրավասություն չունեն, օրենք կարող են վիճարկել, բայց միջազգային պայմանագրի վիճարկման ընթացակարգ, որ պատգամավորը դիմի, չկա»,-նշեց պատգամավորը։ Նա նկատեց՝ մենք փաստի հետ գործ ունենք, և այդ թղթի մեջ իրավունքի նշույլ անգամ չկա. «Ստրկացուցիչ պայմաններով կնքված ցանկացած գործարք, կարևոր չի՝ ինչ է, դա է ասում նաև Վիեննայի կոնվենցիան, որ սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը չի արտահայտում կողմի կամքը և հետևաբար այն չի կարող պայմանագիր համարվել։ Այստեղ իրավունք չկա, իրավական գործընթաց չկա։ Պարզապես մեզ բոլորիս կանգնեցրեցին փաստի առաջ»,-ասաց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ այստեղ կարևոր է ընդգծել նաև այն, որ փաստաթուղթն ուղղակիորեն խախտում է միջազգային հիմնարար սկզբունք համարվող էթնիկական մաքրումների արգելքը։ Պատգամավորի խոսքով այս փաստաթղթով Արցախի բուն տարածք համարվող Հադրութում էթնիկ զտումներն օրինականացվում են։ Տարոն Սիմոնյանը հորդորեց փաստաթղթի մեջ իրավունք չփնտրել, քանի որ գործ ունենք փաստի հետ, որը կարող ենք վերանայել մեկ այլ փաստի ուժով, որի ներուժն այս պահին դեռ չունեն։